«Պայմանագրային նախկին զինծառայողի առողջական վիճակը վատ է, նա արդեն տնից չի կարողանում դուրս գալ». Մանուել Մանուկյան

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը և հ/կ-ի որոշ ներկայացուցիչներ օրերս այցելել են պայմանագրային նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանին։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Դավիթ Հակոբյանը  հացադուլ էր անում Պաշտպանության նախարարության մոտ՝ պահաջելով աջակցել բուժում ստանալու հարցում։
Մանուել Մանուկյանը Դավիթին այցի ժամանակ ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց պատկան մարմիններին՝ աջակցել, որպեսզի վերջինս կարողանա լիարժեք քայլել։

«Դավիթը պայմանագրային նախկին զինծառայող է եղել, 9 տարի առաջ զորամասում ինչ-որ առողջական խնդիրներ է ունեցել, տարել են վիրահատության, որից հետո առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այդ վիրահատության հետևանքների համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։ Նրա մայրը մեզ պատմեց, որ տան ամբողջ գույքը վաճառել են, որպեսզի կարողանան Դավիթին ոտքի կանգնեցնել, քանի որ  վիրահատության սկզբնական շրջանում նա ընդհանրապես չի կարողացել քայլել, գամված է եղել անվասայլակին։ Այսօր նրա մարմնի մի մասն անզգայացած է, ոչինչ չի զգում։ Նրա առողջական վիճակն իսկապես շատ վատ է, տնից չի կարողանում դուրս գալ։ Օրերս նրա հայրը սայթաքել ու տարբեր կոտրվածքներ է ձեռք բերել, հիմա Դավիթի մայրը խնամում է երկու՝ շարժվելու հետ խնդիրներ ունեցող անձանց, ինչը շատ դժվար է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մանուել Մանուկյանը։

Նա տեղեկացրեց, որ Դավիթի բուժման բոլոր փաստաթղթերն ուղարկել են Գերմանիա, այնտեղից պատասխանել են, որ կկարողանան Դավիթին բուժել, սակայն դրա համար գումար չեն կարողանում հայթայթել։ Թե որքա՞ն գումարի մասին է խոսքը՝ մեր զրուցակիցը դժվարացավ ասել։

«Առողջապահության նախարարությունից Դավիթի հեռախոսահամարը վերցրել են, բայց այսօր հետը խոսեցի, ասաց, որ իրեն դեռ չեն զանգահարել։ Նա երիտասարդ տղա է, ունի բոլորի աջակցության կարիքը՝ ոտքի կանգնելու և կրկին աշխատելու համար»,- հավելեց Մանուել Մանուկյանը։