Մահացած փրկարարը քառօրյայի մասնակից էր. նոր մանրամասներ ԱԻ նախարարից

Վանաձորում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մահացած 22-ամյա հրշեջ-փրկարարը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից էր: Նա ԱԻՆ համակարգում աշխատում էր արդեն 5 ամիս: Երկրորդ տուժած հրշեջը Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնում է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱԻ նախարար ֆելիքս Ցոլակյանը, որը ներկայումս գտնվում է Լոռու մարզային փրկարարական վարչությունում: Նա նաեւ մանրամասներ հայտնեց. «Գնացել են դեպքի վայր ու իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ, որոշ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ հրշեջերից 2-ը տուժել են: Տեղանքը, որտեղ եղել է դեպքը, բավականին անմատչելի ու բարդ էր: Հրշեջներից մեկը, որը երիտասարդ տղա է, տեղում մահացել է, մյուսին մարմնի 40 տոկոս այրվածքներով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, հետո արդեն սանավիացիայի ուղղաթիռով Երեւան»,-ասաց նախարարը՝ նշելով, որ վիճակը ծանր է, այրվածքները խորն են, երիտասարդի շնչուղիներն են վնասված:   Նախարարի խոսքով, հրշեջի աշխատանքն այնպիսին է, որ ամեն օր կարող է նման բան տեղի ունենալ, եւ հրշեջները դա իմանալով աշխատում են: Խոսելով դեպքի մանրամասների մասին, նախարարն ասաց, որ հրդեհաշիջման ժամանակ հանկարծակի քամի է բարձրացել, կրակը շրջապտույտ է արել, ու տղաները չեն կարողացել դուրս գալ շրջապտույտից:   Ողբերգական դեպքի մասին արդեն իսկ հայտնել են մահացած հրշեջ-փրկարարի ընտանիքի անդամներին: Մեր տեղեկություններով՝ ընտանիքի անդամներին է այցելում նաեւ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նյութի աղբյուրը` Yelaket.am